Thursday, March 2, 2017

Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։


Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

· Ճիշտ է այս ստեղծագործությունը ընդունված է շատերի կողմից գովերք Հայաստանին, սակայն կան նաև բացասական կողմեր: Օրինակ՝ «Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում» տողում երևում է, որ Հայաստանը լացակումած է, բայց Չարենցը սիրում է և՛ ողբանվագ լարը, և՛ լացակումած Հայաստանը: Այսինքն իր համար կարևոր չէ, թե իր հայրենիքն ինչպիսին է: Կամ «արնանման ծաղիկները» արտահայտությունը հասկացվում է, որ ծաղիկները ծածկված են արյունով, տվյալ դեպքում, արյուն դիտվում է որպես պատերազմ, իսկ ծաղիկները խաղաղություն:

· Ինձ համար «երկինքը մութ» արտահայտությունը բացասական դեր չի խաղում, այլ դրական, քանի որ դա իմ կողմից հասկացվում է գեղեցիկ կյանք: Բացասաբար է ազդում «անհյուրընկալ պատերը սև» արտահայտությունը:

· Այս տան մեջ Չարենցը շեշտում է, որ որտեղ էլ գտնվի չի մոռանա հայրենիքի մասին, միշտ կհիշի ողբաձայն երգերն ու աղոթք դարձած գրքերը:

· Իսկ վերջին տանը միայն գովում է, չնկատեցի անգամ մի չնչին վատ կողմ, որ Հայաստանին է վերաբերվում: Նա խոսում է Արարատի ճերմակ գագաթի մասին, Նարեկացու, Քուչակի մասին, ինչպես նաև Մասիս սարի մասին:

Ես հիմնականում խոսեցի բացասական կողմերի մասին, բայց դրական կողմեր էլ շատ կան, որ ներկայացրել է Չարենցը: Իմ կողմից Չարենցի այս ստեղծագործության մեջ բոլոր նախադասությունները, արտահայտություններն ու բառերը դիտվում են դրական կողմից, ինձ թվում է պարզապես սկզբից ընդունեցի դրական:



No comments:

Post a Comment